Sputnik Արմենիայի հետ զրույցում լրագրող Թագուհի Ասլանյանը դատական նիստերից մանրամասներ է ներկայացրել։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Թագուհի Ասլանյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը։
«Շնորհակալ եմ դատավոր Զարուհի Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար»,- գրել է փաստաբանը:
Նա պարզաբանել է, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ իրենց կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Թագուհի Ասլանյանն ասել է` ուրախ է, որ դատավորը շատ օբյեկտիվ որոշում է կայացրել։ «Նաև շնորհակալ եմ իմ փաստաբան Լուսինե Վիրաբյանին, որովհետև նրա շնորհիվ այս գործը հարուցվեց և հասանք հաղթանակի»,- ասել է նա։
Նրա խոսքով` համարյա մի տարի տևած դատական պրոցեսի ընթացքում Սաֆարյանը, իբր հարգելի պատճառով 2 անգամ չի ներկայացել նիստին, ինչի պատճառով այն հետաձգվել է։
«Երկրում այն իրավիճակն է ստեղծվել, որ ով ում հասնի հրապարակավ վիրավորում է, և հատկապես պաշտոնյանները դրա համար հիմնականում պատասխանատվություն չեն կրում։ Հույս ունեմ, որ սա նախադեպ կդառնա, և լրագրողները տեղի-անտեղի չեն թիրախավորվի, կսկսեն ավելի հարգանքով ու զգուշավոր վերաբերվել նրանց»,- ասել է Ասլանյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում