Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ:
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որպես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմին, իր մտահոգությունն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ:
Հանձնաժողովը ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել ոստիկանությանը և ուժային այլ կառույցներին. յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա գտնվելու հանրային վայրերում կազմակերպված կամ ինքնաբուխ հավաքների, անկախ կատարվող գործողությունների բնույթից: Իրադարձությունների լուսաբանման համար որևէ մարմնի՝ իշխանական տարբեր կառույցների կողմից, իրազեկում և հավատարմագրում չի նախատեսում»:
Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հետևանքով խախտվում է Հայաստանի քաղաքացիների՝ երկրում ընթացող գործընթացների մասին, օպերատիվ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Հանձնախողովը կոչ է անում ոստիկանությանը քայլեր ձեռնարկել նման միջադեպերը բացառելու համար, իսկ հեռարձակվող կազմակերպություններին՝ Հանձնաժողովին տեղեկացնել ուժային կառույցների կողմից հեռարձակողների նկատմամբ ցանկացած ուժային գործողության վերաբերյալ: