«Նիկոլ, դու սուտ խոսեցիր անգամ խոսքի ազատության առումով». Գեղամ Մանուկյանը՝ «Երկիր Մեդիա»-ի օպերատորին բերման ենթարկելու մասին

19:50 01-12-2020

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ԶԼՄ ներկայացուցիչների միջև: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորը բերման ենթարկվեց: Նույն հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը, ով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 9 օր հացադուլ էր անում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուզում է այսօր որպես հեռուստաընկերության աշխատակից խոսել:

«Նիկոլ Փաշինյանը ստախոս է բոլոր առումներով, առաջին օրվանից, ինչ եկել է իշխանության, ինչ խոստացել է, սուտ է խոսել: Եթե նա որևէ կայքով, որևէ հեռուստակայանով լսում է, Նիկոլ, դու սուտ խոսեցիր անգամ խոսքի ազատության առումով: Տեսնեիր, թե քո ոստիկանները հեռուստաընկերության օպերատորին ինչպես էին քարշ տալիս ոստիկանական մեքենա, դո՞ւ ես պատասխան տալու այն տեխնիկայի համար, որն այսօր կորել է, դո՞ւ ես պատասխան տալու այն տեսախցիկների համար, որոնք կոտրվել են: Նիկոլ Փաշինյանի թավշյա բռնատիրությունը, ի տարբերություն այլ բռնատիրությունների, ունի ևս մեկ տարր, դա դավաճանի բռնատիրություն է»,- ասաց Մանուկյանը:

Նա, անդրադառնալով իր հացադուլի արդյունավետությանը՝ ասաց, որ պետք է օգտագործել ցանկացած միջոց, որը Նիկոլ Փաշինյանին անընդհատ կհիշեցնի, որ ինքը պետք է հեռանա:

 

 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրապարակումը՝ 168.am-ի