Դիմել եմ ոչ թե չեղարկելու այդ պահանջները, այլ կոնկրետություն սահմանելու հարցով. ՄԻՊ-ը՝ ռազմական դրության ընթացքում խոսքի ազատության սահմանափակման հարցով ՍԴ դիմումի մասին

18:34 04-11-2020

Պետությունը ռազմական դրության ժամանակ իրավունք ունի կոնկրետ իրավունքներ սահմանափակել, բայց այդ իրավունքները պետք է լինեն կոնկրետ իրավիճակին համահունչ, անհրաժեշտ ու բավարար՝ իրավաչափ նպատակներին հասնելու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասա ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելուն:

«Ռազմական դրության ժամանակ հասկանալի պատճառներով կարող են լինել նաև խոսքի ազատության սահմանափակումներ, որ պետությունը կարողանա ճիշտ կառավարել տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերը. պետությունը կարող է դա անել՝ իր քաղաքացիների իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դրա հետ մեկտեղ՝ սահմանափակումները պետք է լինեն համաչափ:

«Չեն կարող լինել սահմանափակումներ, որոնք անորոշ են, առաջացնում են տարակարծություններ: Կարգավորումները պետք է լինեն բարձր աստիճանի կոնկրետության և այնպիսին, որ թե՛ լրագրողի, թե՛ լրատվական կազմակերպության, թե՛ քաղաքացու համար հստակ լինեն՝ կոնկրետ ինչ սահմանափակումներ են առկա, և կոնկրետ որ արարքն ինչ պատասխանատվության կարող է հանգեցնել»,-ասաց Թաթոյանը՝ նշելով, թե դիմումի մեջ առաջ են քաշել չորս հիմնական սկզբունք:

«Դրանք են՝ կարծիքի արտահայտման ազատություն, որոշակիություն, համաչափություն և որ չեն կարող պետության ներսում ամրագրված սահմանափակումները ծավալով լինել ավելին, քան միջազգային կարգավորումները: Ես դիմել եմ ոչ թե զրոյացնելու կամ չեղարկելու այդ պահանջները, այլ կոնկրետություն սահմանելու հարցով»,- ներկայացրեց ՄԻ պաշտպանը:

Նա նշեց, թե քննադատում են նաև Ոստիկանությանը, ինչը, ըստ Թաթոյանի, այդքան էլ արդարացի չէ, քանի որ այն այս կարգավորումների իրավական զոհն է Ոստիկանությունը:

Հարցին՝ արդյո՞ք տարբերություն կա, թե ՍԴ դիմողը ԱԺ-ն է, թե այլ կառույց, ՄԻՊ-ն արձագանքեց, որ ՍԴ-ն առաջնորդվում է ոչ թե այն հանգամանքով, թե ով է դիմել, այլ դիմումի բովանդակությամբ:

 

Հրապարակումը՝ tert.am-ի