Yerevan.Today–ի գլխավոր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ` Yerevan.Today-ին այսօր հերթական անգամ ոստիկանությունը տուգանեց, ըստ իրենց՝ պետական և ռազմական անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հոդվածների համար։ 4 տուգանք՝ միանգամից։ Ու որո՞նք էին այդ՝ իբր տեղադրված հոդվածները․ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի առաջարկին դրական գնահատական տված երեք գործիչների՝ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի, դերասան Վիգեն Ստեփանյանի արձագանքներն էին։
Մեկ արձանագրություն էլ կազմվեց, ուշադրություն՝ ռուսաստանաբնակ հայ գործարար և բարեգործ Սերգեյ Համբարձումյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակը իբր տեղադրելու համար։ Հնարավոր է՝ ոմանք չգիտեն, բայց նա այն հայրենասեր մարդն է, ում նախաձեռնությամբ և միջոցներով վերանորոգվել և կառուցվել են մեր երկրում հզոր կառույցներ՝ Մատենադարանի նոր մասնաշենքը, Իսակովի պողոտայի վրա գտնվող սահադաշտը, նրա ֆինանսական միջոցներով մեր երկրում կատարվել են բազմապիսի ներդրումներ, բարեգործական ծրագրեր, այսօր էլ կատարվում են պատերազմի կարիքների համար մեծաքանակ թե՛ հանգանակություններ, թե՛ ուղղիղ օգնություն։ Ու այս մեծատառով մարդու բաց նամակը հրապարակելու համար լրատվամիջոցը տուգանվում է։
Շառլ Ազնավուրի բախտը բերել է, որ ողջ չէ, թե չէ իր հայտարարությունները ևս կդառնային տուգանքի ենթակա՝ «պետական անվտանգությանը սպառնալիք» դրոշմով։
Մեզ տուգանեցին 2 միլիոն 8 հարյուր հազար դրամով, մեկ անգամ էլ տուգանել էին 700 հազար դրամով։ Ու աբսուրդը գիտե՞ք՝ ո՞րն է․ գրելու համար մեզ տուգանում են, տեղական լրատվամիջոցներին արգելում են խոսել, բայց մեզանում չի արգելվել ֆեյսբուքը, չեն արգելափակվել ադրբեջանական կայքերը․ Հայաստանում անխափան մուտք կա դեպի «Հաքին․ազ» և թշնամու մյուս կայքերը, որոնք ամբողջությամբ ատելության խոսք են տարածում, Հայաստանում ԱՄՆ պետդեպի փողերով ակտիվ աշխատում է «Ազատություն» ռադիոկայանը, անգամ մտել է կաբելային հեռուստացանց, ու օրը մի քանի անգամ եթեր է տալիս Ալիևի հարցազրույցը, որտեղ մեր երկրին ղեկավարին ինչ ասես ասում է այդ տականքը։ Հրադադարի խախտումները տալիս է որպես ընդամենը Հայաստանի հայտնած տեղեկություն, ոչ թե իրողություն։ Նրանք անվտանգության սպառնալիք չեն, անվտանգության սպառնալիք է Արցախն ու Հայաստանը փրկելու կոչերը, Սերգեյ Համբարձումյանի բաց նամակը վարչապետին»։