Սեպտեմբերի 27-ից սկսած, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց արցախաադրբեջանական սահմանին, հակամարտությունը հայտնվեց նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Այս օրերին Հայաստանում են նաև Վրաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները: Վրաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ, լրագրող Ռատի Խվիստանին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մյուս գործընկերներն այս օրերին աշխատում են Արցախում, իսկ ինքը Երևանից փորձում է վրաց ազգին ներկայացնել հակամարտության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններն ու մեկնաբանությունները:
– Ինչքա՞ն ժամանակ է, որ Երևանում եք:
– Մենք արդեն 2 շաբաթ Երևանում ենք, մեր հեռուստաընկերությունը Վրաստանի հանրային հեռուստաընկերությունն է՝ 1-ին ալիքը, մենք լուսաբանում ենք ողջ աշխարհում տեղի ունեցող կարևոր դեպքերը: Ու, բնականաբար, Հայաստանը բացառություն չէ: Ընդհակառակը, Հայաստանը Վրաստանի համար օտար պետություն չէ: Վրաստանում, գիտեք, ապրում են շատ հայեր, ու կա շատ մեծ հետաքրքրվածություն այս հակամարտության նկատմամբ, դրա համար մեր խումբը ժամանել է Հայաստան, որ տեսնենք, թե ինչ է իրականում կատարվում, որ Հայաստանից, Հայաստանի առաջին դեմքերից մեր ազգը լսի, թե ինչ է իրականում կատարվում, որ ստանա ամբողջական տեղեկություն այս հակամարտության մասին:
– Այս երկու շաբաթվա ընթացքում Արցախում եղե՞լ եք:
– Մեր հեռուստաընկերությունը եղել է հակամարտության գոտում, բայց հենց մեր խումբը Հայաստանում է, որովհետև այստեղ տեղի են ունենում կարևոր միջոցառումներ, նախարարների հանդիպումներ, ու դրա համար մենք այստեղ ենք, ներկայացնում ենք հակամարտության պաշտոնական մասը պաշտոնյաների մեկնաբանություններով:
– Հակամարտության հետ առնչվող ի՞նչ տեսաք այս երկու շաբաթների ընթացքում:
– Բնականաբար ակնհայտ է, որ սա շատ, շատ ծանր հակամարտություն է, շատ ենք ցավում, որ արյունահեղությունը երկու կողմերում էլ շարունակվում է: Բնականաբար, որևէ դիրքորոշում ես չեմ արտահայտի, որովհետև հասկանում եք, որ մենք լրագրող ենք, մենք ուղղակի իրավունք չունենք որևէ դիրքորոշում արտահայտելու:
– Որպես լրագրող՝ ի՞նչ կարող եք ասել այս հակամարտության վերաբերյալ Վրաստանի կառավարության դիրքորոշման մասին:
– Այս հարցում Վրաստանի կառավարությունը դրսևորում է ամբողջական չեզոքություն: Վրաստանի կառավարությունն անգամ առաջարկել է կողմերին իր միջնորդությունն այս հակամարտության կարգավորման հարցում, առաջարկվել է Վրաստանի տարածքը բանակցությունների համար, ու, բնականաբար, Վրաստանի կառավարությունը չի արտահայտում այս կամ այն կողմին աջակցող որևէ դիրքորոշում:
– Խոսվում է, որ Վրաստանի կառավարությունն ինչ-որ միջոցներով աջակցում է ադրբեջանական կողմին:
– Դա արդեն բազմիցս ժխտել են և՛ Վրաստանում Հայաստանի դեսպանը, և՛ մենք Հայաստանում այդ մասին զրուցել ենք փորձագետների հետ, դա ամբողջությամբ պրովոկացիա է, ամբողջությամբ սուտ է: Ոչ մի աջակցություն ոչ մի կողմին չկա, ու դա թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն է, որ դա պրովոկացիա է ինչ-որ կողմից ու իրականության հետ ոչ մի աղերս չունի:
– Որպես լրագրող՝ ի՞նչ եք կարծում՝ այս հակամարտությունն այլ հակամարտություների հետ որևէ նմանություն ունի՞, կամ ո՞րն է այս հակամարտության հիմնական տարբերությունը:
– Ամեն դեպքում Դուք փորձում եք ինձ ստիպել ինչ-որ դիրքորոշում արտահայտել այս հարցում, այն, ինչը ես, դժբախտաբար, չեմ կարող անել՝ հաշվի առնելով մեր հեռուստաընկերության քաղաքականությունը, որը բացարձակապես օբյեկտիվ է, և ոչ մի իրավունք չունի աջակցելու կամ չաջակցելու որևէ կողմին: Մենք բացարձակապես օբյեկտիվ ենք ու չենք պատրաստվում որևէ կերպ արտահայտել մեր դիրքորոշումը:
– Կան զոհեր ու վիրավորներ նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:
– Ես մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մենք բոլորս շատ-շատ ենք ցավում, որ արյունահեղություն է տեղի ունենում՝ և՛ խաղաղ բնակչության, և՛ զինվորականների շրջանում: Իհարկե, շատ ափսոսում ենք, որ մեր երկրի հարևանությամբ տեղի է ունենում նման արյունահեղություն: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ շատ արագ ավարտվի, և, որ ինչ-որ կերպ կողմերը կարողանան պայմանավորվել այս հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: