«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 5-ից 9-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW) լրատվական գործակալությունների կայքերը։
BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 11 հոդված։ Լրատվամիջոցն անդրադարձել է հակամարտող կողմերի դիրքորոշումներին: BBC- ն պատրաստել է նաև ընդարձակ անդրադարձ՝ հակամարտության վերաբերյալ: BBC- ի թղթակից Ջոնա Ֆիշերը հայտնում է, որ բնակիչներից շատերը ստիպված են ապաստանել հարևան Հայաստանում՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի բնակելի տարածքների գնդակոծությունների ֆոնին:
CNN լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 3 ծավալուն հոդված, որոնցում պահված է հավասարակշռությունը։ Գործակալության վերլուծականներից մեկում արտահայտված է այն միտքը, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն ի վիճակի վերջ տալ հայ-ադրբեջանական հակամարտությանը, սակայն պարզ չէ, թե որն է պատճառը, որ այն դա դեռ չի անում։
Reuters լրատվական գործակալությունը, ինչպես նշել ենք մեր նախորդ վերլուծականներում, Արցախյան հակամարտությունն ամենաակտիվ լուսաբանած միջազգային լրատվականներից մեկն է։ Այն նշված ժամանակահատվածում հրապարակել է 3 տասնյակ հոդված։ Հատկանշական է, որ այն հոդված է հրապարակել հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին, մասնավորապես, մեջբերելով, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի խոսքերն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու ջանքերը ձախողվելու են, քանի դեռ Հայաստանը «ետ չի քաշվել»։
Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 13 հոդված։ Գործակալությունն իր ծավալուն հոդվածներում ներկայացրել է կողմերիի պնդումները։ Հոդվածներից մեկում մեջբերված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի խոսքը, որը մտահոգություն է հայտնել Թուրքիայի Ադրբեջանին աջակցելու, ինչպես նաև Ադրբեջանի՝ պայքարը շարունակելու վճռականության վերաբերյալ՝ մինչև Հայաստանը դուրս գա տարածաշրջանից
Deutsche Welle լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 5 հոդված: Գերմանական լրատվամիջոցն իր հրապարակումներից մեկում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կեսը ստիպված է եղել փախչել ռմբակոծությունների և մարտերի ֆոնին, իսկ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին ցեղասպանություն հրահրելու փորձի մեջ: