Հայաստանում սահմանափակվել են ԶԼՄ-ների, տեղեկատվության և խոսքի ազատության իրավունքները․ 700.000-ից մինչև 1,5 մլն ՀՀ դրամ տուգանք է սահմանվել

13:15 09-10-2020

Հոկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին: Այս մասին ուշ երեկոյան տեղեկացրել էր ՀՀ կառավարության e-gov.am կայքը:

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվել է նոր կետերով, որոնք սահմանում են.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Որոշման մեջ նշվում է, որ նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»,- ասված էր որոշման մեջ:

Հոկտեմբերի 8-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության կայքում արդեն հրապարակվեց այն իրավասությունների ցանկը, որն ուժային այդ կառույցը կարող է կիրառել նշված օրենքը խախտողների նկատմամբ:

Մասնավորապես, Ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:

Հավելենք, որ վերոհիշյալ սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

«Զանգվածային լրատվության միջոցների, էլեկտրոնային կայքերի ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերից օգտվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում անվերապահորեն կատարել սույն որոշման պահանջները, ինչը կնպաստի մեր հանրապետությունների պաշտպանունակության և մարտական գործողությունների արդյունավետության բարձրացմանը, առաջնագծում մարտնչող մեր զինվորների և սպաների, ինչպես և թիկունքն ապահովող համաքաղաքացիների անվտանգության պահպանմանը»,- նշված էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արդեն Ազգային ժողովն ընդունեց այդ օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը և, ըստ այդմ, նախագծերի փաթեթով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար սահմանվում է.

Վարչական պատասխանատվություն՝ ա) լրատվական գործունեություն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար՝ նախատեսելով 700.000-ից մինչև 1 մլն ՀՀ դրամ տուգանք,

բ) լրատվական գործունեություն ՉԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելու համար՝ նախատեսելով 300.000-ից մինչև 700.000 ՀՀ դրամ տուգանք,

գ) վերոնշյալ տույժերի ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելու համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ տուգանք։

Քրեական պատասխանատվություն՝ ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝ նախատեսելով 2 մլն-ից մինչև 3 մլն ՀՀ դրամ տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում։

Այսօր արդեն տարատեսակ տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ հասարակական-քաղաքական-հանրային տարբեր գործիչներ հրավիրվում են ոստիկանություն, ուր նրանցից պահանջում են հեռացնել սոցիալական ցանցերում (Ֆեյսբուք, ևն) այս կամ այն գրառումը:

Արդեն իսկ հրապարակված նյութ են պահանջել հեռացնել որոշ լրատվամիջոցներից։

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) օրենքների նախագծերի այս փաթեթի ընդունման հետ կապված՝ ունի խիստ մտահոգություններ, դրանք դիտարկում է՝ որպես խոսքի ազատության դեմ ուղղված իրական սպառնալիք, որը կիրառվում է քաղաքական նպատակներով:

ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը պատրաստվում է այսօր պաշտոնական գրությամբ դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով վերջինիս դիրքորոշումն այն մասին, թե արդյոք օրենքների նախագծերի այս փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում ազատ մամուլի գոյությանը և չի՞ վտանգում մարդկանց ազատությունները՝ առհասարակ, և մասնավորապես՝ նրանց՝ տեղեկացված լինելու իրավունքը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ հայաստանյան մամուլը պատերազմը սկսվելու առաջին իսկ օրից գործել է ռազմական դրության սահմանափակումների տրամաբանության մեջ, հրապարակել է միայն պաշտոնական տեղեկատվություն, չի տարածել խուճապային տրամադրություններ, և այս պայմաններում վերոնշյալ սահմանափակումները խոսում են միայն մի բանի մասին. իշխանություններն առհասարակ չեն ուզում լսել իրենց հասցեին ուղղված որևէ առողջ քննադատական խոսք ու խուսափում են հարցերից, որոնք իրենց տրվելու են անպայմանորեն, անկախ ընդունված սահմանափակումներից: