Սիրելի կոլեգաներ
Թույլ տվեք Հայաստանի ժուռնալիստների միության անունից ջերմորեն ողջունել Ռուսաստանի ժուռնալիստների միության արտահերթ համագումարի մասնակիցներին:
Դուք, մեծարգո պատգամավորներ, ներկայացնում եք հարուստ ավանդույթներ ունեցող ռուս ժուռնալիստիկան, ձեզանից յուրաքանչյուրի կենսագրությունը ռուսական մամուլի պատմությունն է, դուք ստեղծել եք ռուսական մամուլի հարուստ, սքանչելի գրադարանը, որից մշտապես օգտվել են և այսօր էլ օգտվում են նաև հայ ժուռնալիստները. դա բարձրակարգ դպրոց է, դա իսկական ժուռնալիստական շտեմարան է:
Տարիներ շարունակ ռուս և հայ ժուռնալիստների ստեղծագործական շփումները հարստացրել են մեզ: Ժուռնալիստական այն ՙդեսանտները՚, որ Աշոտ Ջազոյանի ղեկավարությամբ վայրէջք են կատարել իմ չքնաղ Հայաստանում, աշխարհին ներկայացրել են ճշմարտությունը մեր երկրի մասին: Ի դեպ, Աշոտ Ջազոյանի մասին. ուզում եմ հիշեցնել և խնդրել նրան` վերականգնելու ամենայն գովասանքի արժանի նախաձեռնությունը` կազմակերպելու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների ուսուցումը Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Այն բարեկամությունը, որ ստեղծվել և ամրապնդվել է տասնամյակներ շարունակ, մենք պետք է պահպանենք:
Այդ են պահանջում մեր երկու ժողովուրդների մեծերը, մեր ժուռնալիստիկայի պատմության երախտավորները:
Համագումարին մաղթում եմ բարի երթ և բեղմնավոր ստեղծագործական աշխատանք:
Աստղիկ Գևորգյան
Հայաստանի ժուռնալիստների
միության նախագահ
12/08/2016