Անկախության հռչակման 25 տարիների ընթացքում խոսքի, մամուլի ազատության պայմաններում աշխատելու անվիճելի ձեռքբերումը դժբախտաբար հաճախ մթագնվել է որոշ քաղաքական ուժերի, իրավական համակարգի պատեհապաշտ ներկայացուցիչների անկիրթ, քաղաքակրթության հետ ոչ մի կապ չունեցող վայրագ պահվածքով:
2016թ հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում և Խորենացի փողոցում բռնի ուժ կիրառելով` ոստիկանները խոչընդոտեցին լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Կրկին իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին լրագրողական կազմակերպությունները: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս իրավական մարմինները ջանքեր են թափում հետաքննելու և ժուռնալիստական գործիքները վերականգնելու համար: Մենք գտնում ենք, որ սրանք սոսկ միջոցառումներ են ու չեն կանխի ժուռնալիստների նկատմամբ վաղվա բռնարարքները:
Քանի դեռ բիրտ ուժի նկատմամբ չեն կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը, 164-րդ հոդվածի 2-րդ մասը, 185-րդ հոդվածի 1-ին մասը, և հասարակությունը չի տեղեկացվել կիրառման արդյունքների մասին, լրագրողական հանրությունը թերահավատությամբ կվերաբերվի իր ազատության իրավունքն ու պարտականությունները ապահովողներին ու պաշտպանողներին:
Հիշեցնենք, որ լրագրողական ազատության միջամտության և խախտման ցանկացած դեպք ինքնին բարձրացնում է հանրային իրավահարաբերությունների մասին հարցը:
Հասարակությունը սպասում է կոնկրետ արդյունքների ու երաշխիքների:
Հայաստանի ժուռնալիստների միություն
01/08/2016