Ինձ այլևս չեն զարմացնում իշխանությունների գործողությունները, որովհետև ամեն ինչ տեղավորվում է նույն տրամաբանության շղթայի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը։ Նշենք, որ վերջինս ձերբակալվել է ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ինչը մի շարք իրավապաշտպաններ գնահատում են որպես խոսքի ազատությունը ճնշելու փորձ։
Խնդիրն այն է, որ նշված հոդվածի վրա տարածվում է 2018 թվականի հոկտեմբերին հայտարարված համաներումը։ «Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի»,- հայտարարել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Սաթիկ Սեյրանյանը նկատեց՝ քիչ ծանոթ է Արսեն Բաբայանի գործունեությանը և անձնապես շատ չի շփվել նրա հետ, սակայն անհեթեթ է համարում նրան վերագրվող կասկածը. «Վերանանք անձից, ուղղակի ներկայացվող մեկնաբանությունը, թե Արսեն Բաբայանը ճնշում է գործադրել Գագիկ Հարությունյանի վրա, որպեսզի նա հրաժարական տա, դրանից անհեթեթ բան ես չեմ պատկերացնում։ Հաշվի առնելով Գագիկ Հարությունյանն ի պաշտոնե ով էր, մարդ, ով բոլոր ղեկավարների օրոք մի շարք կարևորագույն և բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Արսեն Բաբայան չէ, ով ուզում էր լիներ, ինչպե՞ս կարող էր ճնշում գործադրել։ Սրանից անհեթեթ մեկնաբանություն կամ մեղադրանք ես չեմ պատկերացնում»,-նշեց Սաթիկ Սեյրանյանը։
Ժուռնալիստների միության նախագահի կարծիքով այս ձերբակալությունը դատապարտելի է այն տեսանկյունից, որ ցանկացած ոք, ով սոցիալական ցանցի կամ հանրային տիրույթում, հրապարակային դաշտում որևէ բազմակարծություն է ցուցաբերում կամ քննադատում իշխանություններին, կարող է հետապնդվել. «Այդ իմաստով դատապարտելի է, ավելին՝ այս շղթան անընդհատ շարունակվելու է։ Հասարակությունը պետք է կարողանա հակազդել սրան։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը գնում է ամեն կերպ իր ձեռքն ավելի մեծ վերահսկողություն վերցնելու ուղղությամբ։ Հասարակությունը պետք է հասկանա, որ հարցն առանձին անձինք չեն, հարցն այն է, որ սա տարածվելու է բոլորի վրա»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հույս հայտնելով, որ Գագիկ Հարությունյանը մի օր պատկերավոր կներկայացնի՝ արդյոք իր նկատմամբ կարող էր Արսեն Բաբայանը կամ որևէ այլ մեկը նման ճնշում գործադրել։
Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան