«Հայելի» մամուլի ակումբի դեպքն անմիջապես արժանացավ Հայաստանի Ժուռնալիստների միության գնահատականին: Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանի Ժուռնալիստների միությունն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ և նախանշել այն վտանգները, որոնց առջև կարող են կանգնել բոլոր լրատվականները.
«Մի քանի անգամ բարձրաձայնել ենք այն վտանգների մասին, որոնք կարող տեղի ունենալ թավշյա հեղափոխությունից հետո. այդ բառապաշարը, այդ լեքսիկոնը ներխուժեց մեդիադաշտ և այն հենց իշխանությունների ձեռքով տեղի ունեցավ»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Ըստ Ս. Սեյրանյանի՝ իրավիճակը հասել է վտանագավորության աստիճանի. «Այսօր պահանջվում է արդեն, որ քաղաքական ուժերը, իշխանությունները կոչով հանդես գան, ոչ միայն դատապարտեն, այլև իրավապահ մարմինները գործողություններ իրականացնեն»:
Ժուռնալիստների միության նախագահը նկատեց, որ դատավորին հարցեր ուղղող երիտասարդներին կալանավորեցին, մինչդեռ այս դեպքում բավարարվեցին աշխատավարձի տույժով.
«Սա լուծում չէ: Սա նշանակում է, որ բոլոր մեդիաները պետք է պատրաստ լինեն, որ ակտիվիստները կարող են ներխուժել իրենց խմբագրություններ, կարող են կոնկրետ գործողություններ լինել»:
Նա դիմեց նաև իրավապահ մարմիններին՝ ապահովելու «Հայելի» ակումբի աշխատակիցների անվտանգությունը:
Ս. Սեյրանյանը համոզված է, որ տեղի ունեցածը նաև քաղաքական ակտ է և ուղղված է Հրայր Թովմասյանի դեմ, քանի որ Անժելա Թովմասյանը նրա քույրն է.
«Կոնկրետ քաղաքական ակտ է՝ Թովմասյանների դեմ՝ հաշվի առնելով նաև ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացները և «Հայելի»-ի գործունեությունը»:
Ի դեպ, նա նշեց, որ անհայտ է նաև «Հայելու առաջ» հաղորդաշարի ճակատագիրը, անթույլատրելի համարեց դատապարտելու փոխարեն հնչող խրատները, թե ինչպես պետք է աշխատի լրատվամիջոցը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում հայտնել էին նաև, որ դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:
Զարուհի Դիլանյան