Հայաստանի ժուռնալիստների միության կանոնադրության առաջարկվող փոփոխությունները (2022թ.)

15:27 28-01-2022

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԻ՝

2022թ.-ի հունվարի 29-ի որոշմամբ

ՆԱԽԱԳԱՀ` ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

__________________________ Տպագրված է ընդամենը երկու օրինակ
Օրինակ 1

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1992թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ի 60/2 ՈՐՈՇՄԱՄԲ

Գրանցման համար՝ 211.171.785310

Հարկ վճարողի հաշվառման համար՝ 02509992

Կանոնադրության թիվ —— փոփոխությունը գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից`

«____» _____________ 2022թ.

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
_______________/ ________________________
ստորագրություն անուն, ազգանուն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

ԵՐԵՎԱՆ 2022թ.

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ Կազմակերպություն) ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։
1.3. Կազմակերպության գործունեությունը հիմնված է օրինականության, խտրականության բացառման, անդամության կամավորության, բարեխղճության, անդամների շահերի ընդհանրության, ինքնակառավարման և հաշվետվողականության սկզբունքների վրա:
1.4. Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում։ Կազմակերպությունը կարող է գործել օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
1.5. Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպություն, հայերեն կրճատ՝ «ՀԺՄ» ՀԿ,
անգլերեն լրիվ՝ «Union of Journalists of Armenia» Non-Governmental Organization, անգլերեն կրճատ՝ «UJA» NGO,
ռուսերեն լրիվ՝ “Coюз журналистов Армении” общественная организация, ռուսերեն կրճատ՝ “CЖА” OO:
1.6. Կազմակերպությունը կարող է ունենալ խորհրդանիշ, որը հաստատվում է Կազմակերպության վարչության (ասուհետև՝ Վարչություն) որոշմամբ։
1.7. Կազմակերպությունը կարող է ունենալ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով կլոր կնիք, պաշտոնաթղթեր, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներ բանկերում՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
1.8. Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ մշակել և ներկայացնել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:
1.9. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք. Երևան, Պուշկինի 3/1, 0010։

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1 Կազմակերպության գործունեության նպատակներն են.

2.1.1. Նպաստել մամուլի և խոսքի ազատության սկզբունքների իրականացմանը, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին և ժուռնալիստիկային առնչվող իրավական ակտերի պահանջների կատարմանը։

2.1.2. Պաշտպանել Կազմակերպության անղամների մասնագիտական շահերը, իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, նրանց մտավոր սեփականության իրավունքը՝ այդ նպատակով ապահովելով անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվության տրամադրումը։

2.1.3. Երկկողմանի հարաբերություններ հաստատել արտասահմանյան ժուռնալիստական կազմակերպությունների հետ, մասնակցել ժուռնալիստների միջազգային համագործակցությանը։

2.2. Կազմակերպության գործունեության առարկան է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝

2.2.1. Աջակցել ՀՀ-ում լրատվական գործունեության զարգացման, կայացման, ամրապնդման գործընթացին, ժուռնալիստների մասնագիտական վարպետության բարձրացմանը և իրազեկության ապահովմանը:

2.2.2. Աջակցել ՀՀ-ում լրատվական գործունեության նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը, անձանց օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովմանը տեղեկատվական հոսքերի և մեդիադաշտի մշտադիտարկման միջոցով:

2.2.3. Հայտարարել մրցանակաբաշխություններ, սահմանել և շնորհել մրցանակներ, պարգևներ:

2.2.4. Աջակցել լրագրողների մասնագիտական համերաշխության ամրապնդմանը՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից:

2.2.5. Մասնակցել ՀՀ-ում և արտերկրում անցկացվող սեմինարների, կոնֆերանսների, խորհրդաժողովների:

2.2.6. Կազմակերպել լրագրողների մասնակցությունը ուսուցման դասընթացներին։

2.3. Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հաստատությունների հետ։

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1. Կազմակերպության անդամ կարող են դառնալ լրատվական գործունեություն իրականացնող անձինք, մասնավորապես, տասնութ տարին լրացած պրոֆեսիոնալ լրագրողները, զանգվածային լրատվության ոլորտում աշխատող, լրագրողական մասնագիտություններ և (կամ) լրագրողական կրթություն ունեցող, լրագրությանն առնչվող ստեղծագործական այլ մասնագիտություններ ունեցող գործիչներ՝ խմբագիրներ, փորձագետներ, հրապարակախոսներ, ֆոտոլրագրողներ, լրագրության ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև ազատ լրագրողները և սփյուռքահայ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք ընդունում են սույն կանոնադրությունը, իրենց գործունեությամբ նպաստում են Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, վճարում են մուտքի վճար և անդամավճար, եթե այդպիսիք սահմանված են:

3.2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Վարչությանը։ Կազմակերպությանն անդամագրելու հարցը լուծում է Վարչությունը։

3.3. Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի հիման վրա:

3.4. Կազմակերպության անդամի հեռացումը կատարվում է Վարչության որոշման հիման վրա՝ անդամի կողմից սույն կանոնադրությամբ սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

ա) ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում, ընդ որում՝ Կազմակերպության Նախագահ, Վարչության անդամ և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը, ով ունի լրագրության բնագավառում առնվազն 10 տարվա մասնագիտական ստաժ,
բ) Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով դրա կառավարման մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ,
գ) սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին,
դ) դուրս գալ Կազմակերպության անդամությունից,
ե) Կազմակերպությունից ստանալ իրավական խորհրդատվություն՝ ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը,
զ) մասնակցել Կազմակերպության կազմակերպած միջոցառումներին,
է) իրականացնել օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

4.2. Կազմակերպության անդամը պարտավոր է՝

ա) չարատավորել Կազմակերպության հեղինակությունը,
բ) կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, կառավարման մարմինների որոշումները,
գ) մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար՝ Վարչության կողմից սահմանված կարգով ու վճարման չափով,
դ) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները։

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

5.1. Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ՝ պետական գրանցման պահից։

5.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, հաշվարկային հաշիվ բանկում՝ ՀՀ և օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում։

5.3. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակներն և գործունեության ձևերը։

5.4. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունի՝
ա) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
բ) հիմնադրել լրատվության միջոցներ,
գ) կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր,
դ) ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
ե) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինել իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել այլ իրավաբանական անձ կամ դառնալ դրա մասնակից,
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք,
է) օտարել կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք,
ը) կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ,
թ) ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ-ում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում՝ արտարժույթով,
ժ) իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում՝ կնքել պայմանագրեր և համաձայնագրեր օտարերկրյա ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1. Կազմակերպությունը պարտավոր է՝

ա) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով յոթ օրացուցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը,
բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
գ) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը,
դ) իրավասու մարմինների պահանջով նրան տրամադրել իր կառավարման և այլ մարմինների որոշումների պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Կազմակերպության ժողովին,
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին,
զ) վարել իր անդամների հաշվառումը:

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7.1. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝ Ժողովը, Վարչությունը և Նախագահը:

7.2. Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների Ժողովն է, որին պատկանում է Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը: Կազմակերպության հերթական Ժողովը գումարվում է չորս տարին մեկ անգամ՝ Կազմակերպության Նախագահի կողմից:

7.3. Եթե Կազմակերպության անդամների թվաքանակն անցնում է հարյուրի սահմանը, ապա Ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները` Վարչության կողմից սահմանված եղանակով: Վարչությունը որոշում է Ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև Ժողովի օրակարգի նախնական տարբերակը, և այդ մասին ոչ ուշ, քան 5 օր առաջ էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցում է Կազմակերպության անդամներին` հավաստվելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:

7.4. Կազմակերպության արտահերթ Ժողով գումարվում է Կազմակերպության Նախագահի կամ անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պատճառաբանված որոշման դեպքում, ոչ ուշ, քան 5 օրացուցային օրվա ընթացքում՝ Կազմակերպության Նախագահի կողմից: Արտահերթ Ժողովները հրավիրվում են հրավիրողի օրակարգով:

7.5. Հերթական կամ արտահերթ Ժողով գումարվում է դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

.6. Կազմակերպության Ժողովը.
ա) հաստատում է Կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կատարում է Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ,
բ) ստեղծում է այլ իրավաբանական անձ, որոշումներ է ընդունում այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին,
գ) հաստատում է Կազմակերպության կառուցվածքը,
դ) որոշում է Կազմակերպության Վարչության թվաքանակը, չորս տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության Վարչության անդամներին, փոփոխում է Վարչության կազմը, վաղաժամկետ դադարեցնում է Վարչության անդամների լիազորությունները,
ե) չորս տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության գործադիր մարմին` Նախագահ, որն ի պաշտոնե մտնում է Կազմակերպության Վարչության կազմի մեջ և հանդիսանում է Կազմակերպության Վարչության Նախագահը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները,
զ) որոշում է Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի թվաքանակը, չորս տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամներին (վերստուգողին), փոփոխում է վերստուգիչ հանձնաժողովի կազմը (վերստուգողին), վաղաժամկետ դադարեցնում է վերստուգիչ հանձնաժողովի անդամների (վերստուգողի) լիազորությունները,
է) չորսին տարին մեկ անգամ հաստատում է Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում Նախագահի և Վարչության կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև Կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,
ը) դադարեցնում է Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
թ) ընդունում է որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին,
ժ) ընդունում է որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի,
ժա) իրականացնում է օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

7.7. Կազմակերպության Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Կազմակերպության Ժողովին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ Ժողովի բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: Օրենքով և սույն կանոնադրությամբ Կազմակերպության Ժողովի բացառիկ իրավասությանը ենթակա հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են, եթե կողմ են քվեարկել Ժողովին մասնակցած Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին:

7.8. Կազմակերպության Վարչությունը.

ա) համարվում է Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը Կազմակերպության Ժողովների միջև ընկած ժամանակահատվածում,
բ) քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կազմակերպության Ժողովի և Նախագահի իրավասությունների մեջ,
գ) նախապատրաստում է Կազմակերպության Ժողովները, Կազմակերպության Ժողովի գումարման օրվանից առնվազն երեսուն օր առաջ կազմակերպում է Կազմակերպության Ժողովի պատվիրակների ընտրությունը,
դ) հաստատում է Կազմակերպության քառամյա ռազմավարությունը (պլանը) և հսկում դրա կատարման ընթացքը,
ե) որոշումներ է ընդունում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ՝ ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հիմնարկներ ու կառուցվածքային ստորաբաժանումներ, հանձնաժողովներ, բաժիններ, բաժանմունքներ, ակումբներ, աշխատանքային խմբեր, խորհուրդներ ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, հաստատում կամ չեղյալ է համարում նրանց որոշումները,
զ) որոշում է կայացնում Կազմակերպության ստեղծած այլ իրավաբանական անձանց ղեկավարների նշանակման և ազատման մասին, ինչպես նաև Կազմակերպության մասնակցությամբ այլ իրավաբանական անձանց բարձրագույն և (կամ) կառավարման մարմիններում Կազմակերպության ներկայացուցիչների նշանակման և ազատման մասին,
է) որոշում է կայացնում լրատվական միջոցներ ստեղծելու վերաբերյալ, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին,
ը) յուրաքանչյուր տարի հաստատում է Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում Նախագահի կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,
թ) ընտրում է Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե օրենսդրության համաձայն՝ Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի,
ժ) ֆինանսական միջոցների առկայության դեպքում իրավունք ունի նախատեսել Կազմակերպության Նախագահի, Վարչության անդամների և վերստուգիչ հանձնաժողովի անդամների (վերստուգողի) վարձատրություն, սահմանել վարձատրության չափը, կարգը և պայմանները,
ժա) որոշում է կայացնում Կազմակերպությանն անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ, որոշում է անդամավճարների չափերը և դրանց գանձման կարգը, սահմանում է Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները, անդամատոմսի ձևը, տրման և գործողության կարգն ու ժամկետները, ինչպես նաև Կազմակերպության անդամների էթիկայի կանոնագիրքը, նրանց նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցները և դրանք կիրառելու կարգը,
ժբ) որոշում է կայացնում Կազմակերպության՝ 5 միլիոն դրամը գերազանցող արժողությամբ գույքը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և դուրս գրելու վերաբերյալ,
ժգ) որոշում է կայացնում 1 միլիոն դրամը գերազանցող արժողությամբ ցանկացած տեսակի գույք ձեռք բերելու վերաբերյալ:

7.9. Կազմակերպության Վարչության նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են Վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը: Որոշումներն ընդունվում են

Կազմակերպության Վարչության նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Վարչության Նախագահի մասնակցությունը նիստին պարտադիր է: Վերջինիս բացակայությամբ Վարչության կողմից ընդունված որոշումներն անվավեր են:

7.10. Կազմակերպության Վարչությունն իր հերթական նիստերը հրավիրում է երեք ամիսը մեկ անգամ: Կազմակերպության Վարչության արտահերթ նիստ կարող է հրավիրվել Վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի գրավոր պահանջով Կազմակերպության Նախագահի կողմից կամ Կազմակերպության Նախագահի կողմից անմիջականորեն: Կարող են հրավիրվել Վարչության ընդլայնված նիստեր՝ Կազմակերպության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ:

7.11. Վարչության հերթական կամ արտահերթ նիստ գումարվում է Վարչության անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

7.12. Կազմակերպության Նախագահը.

ա) հանդիսանում է Կազմակերպության գործադիր մարմինը, ղեկավարում է Կազմակերպության Վարչության աշխատանքները, իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերի կառավարումը,
բ) ապահովում է Կազմակերպության Ժողովի, Կազմակերպության Վարչության կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
գ) հաստատում է տարեկան ծախսերի նախահաշիվը, Կազմակերպության հաստիքացուցակը և սահմանում աշխատողների վարձատրության չափը, կարգը և պայմանները,
դ) հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,
ե) յուրաքանչյուր տարի հաստատում է Ժողովների գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք տարին մեկ անգամ ներկայացնում է՝ Վարչության, իսկ չորս տարին մեկ անգամ` Ժողովի հաստատմանը,
զ) սահմանում է Կազմակերպության փոխնախագահների թիվը և սահմանում նրանց լիազորությունները, Կազմակերպության Վարչության կազմից նշանակում և պաշտոնից ազատում է Կազմակերպության փոխնախագահներին ու Վարչության քարտուղարին,
է) աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին, այդ թվում` դրամաշնորհային և ոչ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներին և աշխատողներին, ինչպես նաև աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության գլխավոր հաշվապահին, Կազմակերպության կամավորների հետ կնքում կամավորական աշխատանքի մասին պայմանագրեր,
ը) Կազմակերպության Ժողովին հաշվետվություն է ներկայացնում Կազմակերպության Վարչության և իր գործունեության մասին,
թ) որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ` Կազմակերպության Ժողովի և Վարչության իրավասությանը պատկանող հարցերի,
ժ) իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր, բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ, ներկայացնում է Կազմակերպությունը ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում, Կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում Կազմակերպության Ժողովի և Վարչության կողմից ընդունված փաստաթղթերը,
ժա) Նախագահում է Կազմակերպության Ժողովի և Վարչության նիստերը, Կազմակերպության Ժողովի նիստերի Նախագահումը կարող է լիազորել Կազմակերպության անդամ այլ անձի,
ժբ) հրավիրում և գումարում է Կազմակերպության Ժողովի և Վարչության հերթական և արտահերթ նիստեր,
ժգ) Կազմակերպության փոխնախագահներին, Վարչության քարտուղարին, Կազմակերպության Վարչության անդամներին սույն կանոնադրության շրջանակներում, կատարման համար կարող է փոխանցել Կազմակերպության Նախագահին վերապահված առանձին լիազորություններ,
ժդ) որոշում է կայացնում Կազմակերպության՝ մինչև 5 միլիոն դրամ արժողությամբ գույքը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և դուրս գրելու վերաբերյալ,
ժե) որոշում է կայացնում մինչև 1 միլիոն դրամ արժողությամբ ցանկացած տեսակի գույք ձեռք բերելու վերաբերյալ,
ժզ) հաստատում է Կազմակերպության հիմնական միջոցառումների և աշխատանքների տարեկան պլանները, ծրագրերը (այդ թվում` դրամաշնորհային ծրագրերը) և հսկում դրանց կատարման ընթացքը,
ժէ) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,
ժը) իրականացնում է օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

7.13. Կազմակերպության գործունեության ընթացքում օրենքով և սույն կանոնադրությամբ բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությանը չվերապահված և սույն կանոնադրությամբ չկարգավորված ցանկացած հարց լուծվում է Նախագահի կողմից:

7.14. Կազմակերպության փոխնախագահը.
ա) կատարում է Կազմակերպության Նախագահի կողմից փոխնախագահի համար սահմանած լիազորությունները,
բ) Կազմակերպության Նախագահի հանձնարարությամբ նրա բացակայության ժամանակահատվածում կատարում է Կազմակերպության Նախագահի պարտականությունները:

7.15. Կազմակերպության Վարչության քարտուղարը.
ա) արձանագրում է Կազմակերպության Ժողովի և Վարչության նիստերը,
բ) ստորագրում է Կազմակերպության Ժողովի և Վարչության նիստերի արձանագրությունները,
գ) տնօրինում է Կազմակերպության Վարչության արխիվը,
դ) կատարում է Կազմակերպության Նախագահի կողմից իր վրա դրված այլ լիազորությունները:

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

8.1. Կազմակերպության գործունեության վերահսկողության իրականացումը վերապահվում է վերստուգիչ հանձնաժողովին (վերստուգողին):

8.2. Վարչության անդամները և Կազմակերպության Նախագահը չեն կարող լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամներ։

8.3. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողն) իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ։ Նիստ կարող է հրավիրել նաև Կազմակերպության անդամների 20%-ի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, Կազմակերպության Նախագահի կամ Վարչության պահանջով։

8.4. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է վերստուգիչ հանձնաժողովի անդամների 2/3-ը։ Վերստուգիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում վերստուգիչ հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե վերահսկողություն իրականացնող մարմինը վերստուգողն է, ապա նա որոշումներ է ընդունում միանձնյա։

8.5. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է Կազմակերպության Նախագահից և այլ աշխատողներից պահանջել Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած տվյալներ և հաշվետվություն։

8.6. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Ժողովին՝ Կազմակերպության գործունեության, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին։

9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

9.1. Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը:

9.2. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք։ Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի։

9.3. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել անդամների ներդրումները, մուտքի վճարները և անդամավճարները, վարկային միջոցները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները, դրամական մուտքերը պետական բյուջեից, նվիրատվությունները, նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները, հանգանակությունները, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցները:

9.4. Կազմակերպության սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո։

9.5. Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված կարգով։

9.6. Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար։

10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

10.1. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։

10.2. Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի կամ դատարանի որոշմամբ։ Լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում կազմավորվում է լուծարման հանձնաժողով և սահմանվում են լուծարման կարգը և ժամկետները:

10.3. Կազմակերպության լուծարման դեպքում լուծարման հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց և պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, դրա անհնարինության դեպքում այն փոխանցվում է պետական բյուջե: