Մասնագետները դեմ են ԶԼՄ-ով պետական ծառայողին վիրավորելը, զրպարտելը քրեականացնելուն

14:38 19-02-2021

Լրատվության ոլորտի մասնագետները չեն ընդունում Գլխավոր դատախազության կողմից լայն քննարկման դրված օրինագիծը, որով առաջարկվում է պետական ծառայողներին վիրավորելու կամ զրպարտելու համար նախատեսել տուգանք, իսկ նույն արարքը ԶԼՄ-ով կամ հրապարակային այլ եղանակով՝ անելու դեպքում՝ տուգանք կամ ազատազրկում:

Առցանց քննարկմանը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց, թե ցավոք միտում կա պայքարելու հետևանքների, այլ ոչ թե պատճառների դեմ: «Պատճառը, որ ունենք այդքան դաժան տեղեկատվական միջավայր, այն է, որ բավականին սուր քաղաքական զարգացումներ են տեղի ունենում վերջին շրջանում, ընդլայնվել է տարբեր անձանց մասնակցությունը տեղեկատվություն տարածելու հարցում: Տեղեկատվական հոսքերի վերահսկողությունը զուտ տեխնոլոգիական առումով շատ ավելի քիչ է հնարավոր, քան նախկինում: Եվ փորձել կանխել, որ լրատվական դաշտում այդ բովանդակությունը նվազի՝ ռեպրեսիվ միջոցների հաշվին, ապարդյուն է»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, որ պատժիչ միջոցներով փորձում են պայքարել լրատվական դաշտի դեմ, ինչը, ըստ նրա, արդյունք չի տալու:

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանն էլ համաձայնեց Նավասարդյանի հետ: «Փոխանակ իրապես պատճառների հետ գործ ունենանք, փորձում ենք հընթացս հետևանքները որոշակիորեն չեզոքացնել: Մի բան, որն անհնար է»,-ասաց նա:

Աբրահամյանի խոսքով՝ սուտ մատնությունը և դրան համարժեք զրպարտությունը բազմաթիվ եվրոպական երկրներում քրեականացված են: Աբրահամյանը մտավախություն ունի, որ Հայաստանում նման նախաձեռնություն անելու պատճառաբանությունը կարող է լինել միջազգային երկրների փորձը՝ շեշտելով, որ վիրավորանքը որևէ տեղ քրեականացված չէ: «Սակայն օրինակ Ֆրանսիայում բավականին լուրջ զրպարտության մասին է խոսքը, պատասխանատվությունը, ապացուցման բեռը դրված է հենց հայցվորի վրա: Պաշտոնյան պետք է ապացուցի, որ դա զրպարտություն է, պետք է ապացուցի, որ այդ զրպարտությունը ոչ թե իր անձին է վնասելու, այլ հանրային վնաս է տվել: Այսինքն՝ բավականին լուրջ ապացուցման բեռ է դրված հայցվորի վրա»,-ասաց նա ու Հայաստանում շրջանառության մեջ դրված նախագիծը համարեց հետընթաց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սրբուհի Գրիգորյանն էլ շեշտեց. «Ցանկացած անհատ, որը մուտք է գործում քաղաքականություն կամ կառավարության առաջարկին համաձայնում ու դառնում է պաշտոնյա, պետք է պատրաստ լինի քննադատություններին, ինչ-որ առումով նաև «զրպարտություններին»»:

Նա առաջարկեց դիտարկել, թե այս նախագիծն ինչ է տալու պետությանը: Ըստ նրա՝ այս նախագիծը բերելու միտքն անգամ չպետք է ծնվեր: «Արդյոք հետագայում պաշտոնյան չի՞ չարաշահելու իր պաշտոնական դիրքը և չի մեղադրելու լրագրողին զրպարտության մեջ: Ապացուցողականության առումով լրագրողը հայտնվելու է անպաշտպան դիրքում»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ն դեմ է նախագծին: