ԱԺ ֆրակցիաները խուսափեցին, ՀՀ նախագահը լուռ կհետևի, ՄԻՊ-ը դիմեց ՍԴ, իսկ ՍԴ-ն կփորձի՞ հնարավորինս ձգձգել հարցի լուծումը

18:41 05-11-2020

2020թ․ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ լրացվեց ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը, որով սահմանվեց, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Դրան հաջորդեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար։

Վերոնշյալ կարգավորումները, բնականաբար,  խնդրահարույց են թե՛  տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, և թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։

Ավելին՝  ԶԼՄ-ների համար սահմանված տուգանքների չափերը կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։

Բացի այդ՝ ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ ոստիկանությանը տրվել է, այդ թվում՝ մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ տալու լայն լիազորություն, ու հրապարակումը մամուլի էջերից (եթերից, կայքերից) անհապաղ հեռացնելու պահանջ ներկայացնելու, գույքն անմիջապես առգրավելու իրավասություն՝ առանց սահմանելու, թե  ներգործության տվյալ միջոցները ո՞ր իրավահարաբերության շրջանակներում պետք է իրականացվեն, և դրանց բողոքարկման ի՞նչ ընթացակարգեր են գործելու։

Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը, հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով, որ նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին, դիմեց Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) և Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ սահմանադրական այս 3 մարմիններին, ովքեր հնարավորություն ունեն դիմելու Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ նշված որոշման սահմանադրականությունը ստուգելու խնդրով, և թե արդյոք օրենքների նախագծերի այս փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը, և և չի՞ վտանգում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝  ազատորեն արտահայտվելու, սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների արձագանքից ակնհայտ դարձավ, որ վերջիններս, թերևս, շատ ավելի «կարևոր» խնդիրներ ունեն լուծելու, քան ազատ խոսքի տոտալ սահմանափակման խնդիրներով զբաղվելը:

Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, օրինակ, yereva.today-ի հետ զրույցում ասել էր, որ արդեն խոսել է Միության ղեկավար Սաթիկ Սեյրանյանի հետ և նրան առաջարկել  վարչական տուգանքներով դիմել Վարչական դատարան:

«Դա է այս պահին, ըստ իս, ճիշտ ճանապարհը: Սահմանադրական դատարան դիմելու համար մեր ֆրակցիան այդ ներուժը չունի․ նախ՝ նախորդիվ ուղարկված մեր դիմումը դեռևս վարույթ չի ընդունվել, բացի դա՝ ռեսուրսների խնդիր մենք ունենք, մեր կուսակցության որոշ անդամներ կորոնավարակի պատճառով մոբիլ աշխատանքի մեջ չեն, մի մասն էլ այս պահին գտնվում է սահմանին»,- ասել էր նա։

Այդուհանդերձ, օրենսդիր իշխանության ներկայացուցիչն ինչո՞վ է պատրաստ միանալու և աջակցելու չորրորդ իշխանությանը, որի գործունեությունը, ըստ Ժուռնալիստների միության նախագահի, հակասահմանադրական եղանակով խոչընդոտվում է ու այդպիսով՝ սահմանափակվում է քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքը․ այս հարցին «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժի ղեկավարը պատասխան չուներ:

Մի ուշագրավ «մանրուք», այնուամենայնիվ, ԼՀԿ ղեկավարը ճիշտ չի ընկալել. խոսքը այստեղ ոչ թե վարչական տուգանքները բողոքարկելու մասին է, այլ կառավարության որոշման՝ սահմանադրականության հետ խնդիրներ ունենալու, ինչի մասին հետագայում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում մանրամասն խոսեցին ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանն ու իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Բարգավաճ Հայաստանը» նույնպես, խուսանավելով հստակ պատասխանից, նույն կայքի հետ զրույցում, ի դեմս խմբակցության խոսնակ Իվետա Տոնոյանի, ասել էր.

«Քանի որ ԲՀԿ-ական գործիչները ցրված են տարբեր ուղղություններով, ոմանք Հայաստանում չեն, իսկ մի մասը գտնվում է սահմանին, մենք խմբակցության նիստ հրավիրելու հնարավորություն չունենք, ԲՀԿ խմբակցության ներսում պիտի մենք քննարկումն ունենանք, հետո նոր պաշտոնապես հայտարարվի մեր մոտեցումն այդ հարցին: Նկատել եք, այս օրերին ԲՀԿ-ն  ընդամենը երկու պատգամավորի ներկայություն է կարողանում ապահովել նիստերին, սպասենք գործընկերներիս վերադարձին»։

Ինչ վերաբերում է խտրական մոտեցմանը, Տոնոյանը նշել էր, որպես լրագրող՝ իր համար բացարձակ անընդունելի է լրագրողական գործունեության նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակում, առավել ևս, երբ այդ վարչական տուգանքներով մոտեցումը դրսևորվում է հայեցողաբար:

«Կարծում եմ՝ բոլոր տիպի սահմանափակումները պիտի լինեն իրավաչափ ու չխոչընդոտեն քաղաքացիների ազատ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը»,- ասել էր Իվետա Տոնոյանը:

Հանրապետության նախագահի աշխատակազմից խնդրեցին մեր հարցերը գրավոր ուղարկել, ինչը և արեցինք:

Մասնավորապես ցանկացել էինք իմանալ՝ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ի պատասխան ՍԴ դիմելու՝ Սաթիկ Սեյրանյանի դիմումի:

Մինչ մենք սպասում էինք ՀՀ նախագահի պատասխանին, տեղեկացանք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշված խնդրով արդեն դիմել է ՍԴ:

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հարկ եմ համարում հստակ արձանագրել, որ Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը»,- ամփոփելով ՍԴ դիմելու իրավաչափ հիմքերը՝ գրել էր Ա․ Թաթոյանը:

Երեկ ստացանք նաև ՀՀ նախագահի պատասխանը, որը մեզ համար իրականում կանխատեսելի էր:

«Հաշվի առնելով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Ձեր նշած հարցով արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան, Հանրապետության նախագահի աշխատակազմը հետևելու է հետագա գործընթացներին: Միաժամանակ, Հանրապետության նախագահի աշխատակազմը մտադիր է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնել Ձեր դիմումում բարձրացված խնդրի առնչությամբ»,- ասված է Ս․ Սեյրանյանին ուղղված՝ ՀՀ նախագահի գրասենյակից ստացված պատասխանի մեջ, ինչը ենթադրում է, որ Արմեն Սարգսյանն առնվազն խնդրահարույց է համարում վերոնշյալ օրենսդրական փաթեթն ու կառավարության որոշումը: Չնայած դրան, նկատենք, որ օրենքն անմիջապես ստորագրվեց Արմեն Սարգսյանի կողմից և մտավ գործողության մեջ։

Փաստորեն, մինչ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները մտմտում էին՝ ինչպես խուսափել լրագրողների համար գլխացավանքի մեջ ընկնելուց, իսկ ՀՀ նախագահն էլ լուռ կհետևի իրադարձությունների զարգացմանը, ՀՀ ՄԻՊ-ը կատարեց իր ուղիղ սահմանադրական նշանակությամբ պայմանավորված գործառույթը:

Ըստ ամենայնի, բոլորը, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է խնդիր տեսնում նշված օրենսդրական փաթեթի ու կառավարության որոշման մեջ, բայց միայն ՄԻՊ Արման Թաթոյանն ըստ էության համարձակություն ունեցավ ՍԴ դիմելու:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՍԴ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամվել Առաքելյանի հետ:

Վերջինիս հաշվարկով՝ վիճարկվում է օրենք և մի հատ էլ՝ կառավարության որոշում, մի խոսքով՝ 6 ամիս+3 ամիս։ «Նախատեսված է 6-ամսյա ժամկետ, և ՍԴ որոշմամբ կարող է ևս 3 ամսով երկարաձգվել»,- ասել էր նա:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունները կփորձեն հենց այդ ճանապարհով էլ ընթանալ, սակայն, ինչպես կայքի հետ զրույցում ասել էր ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ՀԺՄ-ն այս հարցի լուծման իր ողջ գործիքակազմը դեռ չի սպառել:

«Սա հույժ հրատապություն պահանջող հարց է, հույս ունեմ, որ ՍԴ-ն սահմանված ժամկետում վարույթ կընդունի։ Եվ մենք քայլեր ունենք դեռ անելու, առաջ չընկնեմ մեր գործողություններից, սպասենք՝ տեսնենք, թե ինչ կանի, որովհետև բոլոր լրատվամիջոցներն այս մասին ահազանգել են՝ Ժուռնալիստների միության հետ միասին, որ պետք է հնարավորինս արագ այս հարցին լուծում տալ։ Որպեսզի զերծ մնանք իշխանությունների կամայական որոշումներից․ ում կտուգանեն, ում՝ ոչ, որովհետև հասկանում ենք, որ սա ներքաղաքական խնդիրներ լուծելու գործիք է դարձել»,- ասել էր Սաթիկ Սեյրանյանը «Հրապարակի» հետ զրույցում:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Հրապարակումը՝ 168.am-ի