Պատանի ժուռնալիստի դպրոց

Հայաստանի ժուռնալիստների միության պատանի ժուռնալիստի դպրոցը  արդեն երկար տարիների պատմություն ունի: Այն ստեղծվել է 1973 թվականին եւ ունեցել է մեկ նպատակ` մասնագիտական կողմնորոշման հարցում օգնել բարձր դասարանցիներին, ովքեր ունեն սեր եւ հետաքրքրություն լրագրության նկատմամբ: Մեր սաներին լրագրության այբուբենին ծանոթացնելու նպատակով հրավիրվում են Հայաստանի Հանրապետության մասմեդիայի` մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության, էլեկտրոնային լրագրության լավագույն մասնագետներ: Ի դեպ դպրոցը անվճար է, գործում է հասարակական կարգով: Մեկ տարվա դասընթացների վերջում շրջանավարտները ստանում են ավարտական վկայական եւ պատրաստ են բուհերի ժուռնալիստիկայի բաժինների ընդունելության քննություններին:

Բազմամյա համագործակցությունը Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ, մեր սաներին հնարավորություն է տալիս օգտվել ԵՊՀ-ի ուսումնական լաբորատորիայից, գրադարան-ընթերցասրահից, հանդես գալ ֆակուլտետի “Ժուռնալիստ” ուսումնական թերթում, www.journalist.am  էլեկտրոնային պարբերականում, նախապատրաստվել ուսումնառությանը ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Մեր սաները նաեւ իրենց առաջին լրագրողական փորձեր են անում մամուլում, ռադիոյում, հեռուստատեսությունում:

Պատանի ժուռնալիստի դպրոցի սաների մեծ մասը ընդունվում են ժուռնալիստիկայի ֆակուլտետներ, սակայն անգամ նրանցից շատերը, ովքեր այլ մասնագիտություն են ընտրում, չեն հեռանում ժուռնալիստիկայից եւ աշխատում են լրագրության բնագավառում: